Երեւանում ծնված հնգյակի՝ ողջ մնացած աղջիկներից յուրաքանչյուրն արդեն ավելի քան մեկ կիլոգրամ է կշռում

 

Երեւանում ծնված հնգյակի՝ ողջ մնացած աղջիկներն ավելի լավ են զգում եւ աստիճանաբար քաշ են հավաքում: Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր նեանատոլոգ Պավել Մազմանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փոքրիկ Աննա, որը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, արդեն 1.100 գրամ է կշռում, իսկ նրա քույրը՝ Ռոզան, որին խնամում են Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, շուրջ 1.080 գրամ:

 

Երեխաներին դեռեւս կերակրում են զոնդի օգնությամբ: Մասնագետների գնահատմամբ՝ առնվազն մեկ ամիս երեխաները դեռ հիվանդանոցներում կմնան, բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին հնգյակը՝ 4 աղջիկ եւ 1 տղա, ծնվել է մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաներն անհաս էին ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Նրանց քաշը 600, 820, 840, 840 եւ 880 գրամ էր:

 

Մայիսի 6-ի առավոտյան հնգյակի աղջիկներից մեկը «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացավ. պատճառն ուղեղի արյունազեղում էր: Մայիսի 7-ի առավոտյան էլ «Մուրացան» ԲԿ-ում մահացավ երկրորդ փոքրիկը՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը:

«Մուրացան» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հնգյակի միակ տղան մահացավ մայիսի 14-ին:

 

Be the first to comment on "Երեւանում ծնված հնգյակի՝ ողջ մնացած աղջիկներից յուրաքանչյուրն արդեն ավելի քան մեկ կիլոգրամ է կշռում"

Leave a comment

Your email address will not be published.


*