Երկու տարի դադարից հետո մեկնարկում է «Հայաստանի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանը: Շատ շուտով հեռուստադիտողը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կրկին կարող է վայելել սիրված երաժշտական նախագիծը:

BlogNews.am-ը իր ընթերցողների համար բացում է փակագծերը, ինչպես նաև բացահայտում աստղային մարզիչներին: Սոֆի Մխեյան, Արամե, Սևակ Խանաղյան, Նունե Եսայան. նրանցից մեկն այս տարի կգտնի «Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթողին:

«Չորրորդ եթերաշրջանի կազմում են դեռևս մարզչական դերում չներկայացած երգիչ-երգչուհիներ և կարծում եմ` դա մի փոքր ավելի հետաքրքիր կլինի, քանի որ մարդիկ դեռևս նրանց չեն տեսել այդ կարգավիճակում: Պետք է ասեմ, որ մարզիչների համար պատասխանատվությունը շատ մեծ է, թե ում պետք է ընտրեն, ինչ երգ, ինչպես պետք է աշխատեն իրենց ընտրած մասնակիցների հետ: Կարծում եմ`հեռուստադիտողը չի հիասթափվի և մեզ հետ կլինի մինչև նախագծի ավարտը»,-նշում է նախագծի գլխավոր պրոդյուսեր Իրինա Վարդանյանը:

Չորրորդ եթերաշրջանում թարմացվել է «Հայաստանի ձայնը» նախագծի տաղավարը, ինչպես նաև համագործակցություն կա Գևորգ Աղաբալյանի «EX production event company»-ի հետ, ում շնորհիվ նախագիծը կունենա գերհզոր և ժամանակակից լուսային էֆեկտներ, որը շոուն ավելի վառ կդարձնի:

Իրինան նշում է, որ այս տարի էլ հեռուստադիտողը հաճելիորեն զարմանալու առիթներ կունենա` նախագծում տեսնելով այդքան տաղանդավոր մասնակիցների: «Այս տարի կույր լսումներին մասնակցում է 130 մասնակից:  Նախագիծը չունի տարիքային սահմանափակում և եթերում հեռուստադիտողը կտեսնի նոր դեմքեր, ովքեր դեռևս ոչ մի տեղ չեն երևացել»:

«Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նշում է, նախագծի ոչ մի եթերաշրջան երբեք նման չի լինում նախորդին և պարզաբանում է, թե ինչով էր պայմանավորված աստղային մարզիչների այս կազմի ընտրությունը. «Նախապատվությունը տվել ենք այն չորս երաժիշտ-արտիստներին, ովքեր կարող են ուշադրություն սևեռել նախագծի վրա: Նունե Եսայան` երգչուհի, ով ունի շատ մեծ փորձ, սիրված է տարբեր տարիքի ունկնդիրների կողմից, մեծ ճանապարհ է անցել և միանշանակ ունի մեծ փորձառություն: Վստահ եմ, որ Նունեն կկարողանա իր թիմի մասնակիցներին սովորեցնել, ճիշտ ներկայացնել թե՛ մաքուր հայկականը, թե՛ժամանակակիցը: Սևակ Խանաղյանը վերջին մեկ տարվա ընթացքում կայծնակնային հայտնիություն ձեռք բերեց, նա մասնակցելով տարբեր մրցույթների` դարձել է հաղթող և վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ունենալով համերգներ` ձեռք է բերել  երկրպագուների մեծ բանակ: Սևակը հանդիսատեսի կողմից պահանջված է և առավել ևս պետք է պահանջված լինի` որպես «Հայաստանի ձայնի» մարզիչ: Սոֆի Մխեյանն արդեն մեկ անգամ եղել է նախագծի մարզիչ, ունի փորձառություն: Շոուի բոլոր նրբություններին Սոֆին լավ է տիրապետում: Արամեն այն մարդն է, ում սիրում են առանց տարիքային սահմանափակման: Նա շատ տարբներ երաժշտական ժանրերում է հանդես գալիս և  միշտ հաջող:  Դրա մասին փաստում են  նրա բազմաթիվ համերգները և տեսահոլովակները, որոնք յութուբում բազում դիտումներ են գրանցում»:

Այս տարի մասնակիցներ կան նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և Պարսկաստանից: Նախագծի ստեղծագործական թիմը վստահ է, որ չորրորդ եթերաշրջանը ավելի բարձր վարկանիշ է ունենալու: Այժմ ստեղծագործական կազմը սպասում է Հոլանդիայի գործընկերներին, ովքեր մինչ նախագծի մեկնարկը գալիս և նախապես ստուգում պարտաստվածությունը, թրենինգ են անցկացնում մարզիչների հետ, անգամ հուշում մարզիչների նստելու դասավորությունը: Դե իսկ աստղային մարզիների տրամադրվածության մասին կարող եք կարդալ BlogNews.am-ի հաջորդ անդրադարձերում: «Հայաստանի ձայնը» նախագծի աջակիցներն են` «Յուքոմ» ընկերությունը, «ՍԱՍ Գրուպ»-ը  և «Kaffa» սուրճը:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Արշակ Ռոստոմյանի